1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանի ԱԳՆ-ի լրագրողների վերաբերյալ հայտարարությունը բացարձակ անընդունելի է. ՄԻՊ

Armenpress 22:20, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային պահանջների տեսանկյունից բացարձակ անընդունելի է համարում Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը` Արցախում  լրագրողների աշխատանքի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Թաթոյանը ասաց, որ կոնֆիկլտային վայրերում, որտեղ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է և հատկապես կարևոր է արտասահմանյան լրագրողների անաչառ աշխատանքը:

«Ավելին, լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային պայմաններում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրադրությունը, որովհետև լրագրողի աշխատանքի նպատակն է համարվում միջազգայնորեն ի ցույց դնել իրավիճակը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրա վրա:

Լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե այն կոչով, որ լրագրողներին չթողնել այդ վայր, այլ հակառակը լրագրողների անվտանգությունը միջազգային մարդասիրական նորմերով արդեն իսկ ապահովված է և հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին, հետևաբար լրագրողի մուտքը կոնկրետ վայր կոնֆլիկտային գոտում արդեն ինքն իրենով  հիմք է, որպեսզի ապահովվի լրագրողի անվտանգ աշխատանքը»,- ընդգծեց Թաթոյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ արտասահմանցի լրագրողներին նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածք տեղափոխումը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը անտեսում է լրագրողների անվտանգության հետ կապված պատրավորությունները և  արտասահմանցի լրագրողներըին օգտագործում են ապօրինի քարոզչական նպատակների համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել արտասահմանցի լրագրողներին Ադրբեջանի և ԼՂՀ այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը :

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am