1000х90.jpg (78 KB)

ՀՀ -ն վերահաստատում է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է

Armenpress 22:14, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է: Այս պահի դրությամբ` առաջնահերթությունը կրակի դադարեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն է ու կրակի դադարեցումը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս անգամ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am