Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան

Armenpress 22:03, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա Le Monde պարբերականի վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ): Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։ Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան»,- գրել է Նաղդալյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am