ՀԱՊԿ ԽՎ-ն ստացել է Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

Armenpress 21:53, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը ստացել է  Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունը:

«Հաստատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակի ստացումը, որով նա խնդրում է  Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատին դիտորդի կարգավիճակից զրկելու մեխանիզմ  գործարկել` համաձայն ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակի մասին կանոնադրության»,- նշել են  ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ:

«Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»,- հայտնել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am