Վիրավորների բուժօգնության կազմակերպման հարցերը առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում են

Armenpress 20:38, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ  իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ:

Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել  մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը:

Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով:

Այնուհետև առողջապահության նախարարը մեկնել է Արցախ։ Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այստեղ Արսեն Թորոսյանը նախ ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին, այնուհետև հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները, կարգավորել որոշ հարցեր:

Մարտական գործողությունների սկզբից Արցախին աջակցելու նպատակով Ստեփանակերտ գործուղված առողջապահության նախարարության ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի`շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումների տրամադրման հարցը։ Նախարարի հանձնարարականով ավելացվել է նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am