Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը

Armenpress 16:18, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:

Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am