Հայերին չես հաղթի. Արցախի նախագահն Ադրբեջանին հիշեցրեց նրանց վարձկաններից Շամիլ Բասաևի խոսքերը

Armenpress 23:03, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցրեց Արցախյան առաջին պատերազմում նրանց շարքերում հայկական կողմի դեմ մարտնչած Շամիլ Բասաևի խոսքերը, որն իր մարտիկներին հեռացրել է Արցախից, նշելով` «Ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կողմից վարձկանների կռվելու փաստին:

«Այդ հարցի ճիշտ պատասխանը տվել է չեչենական դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, որ դա իրենց պատերազմը չէ: Իրականում, Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել արցախյան հատվածում և ոչ միայն, որևէ երկրի վարձկանները դեռ օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը»,- ասաց Հարությունյանը:

Վարձկաններին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան. արձագանքելով հակամարտությանը Թուրքիայի ներգրավված լինելու մասին հարցին, Արցախի նախագահը նշեց, որ այդ պետությունն արդեն չի թաքցնում ամբողջատիրական իր նկրտումները:

«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան և արդեն վաղուց նրանց զինվորականների և այսօր ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- նշեց Արցախի նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am