Գլխավոր գործոնն Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունն է. Արցախի նախագահ

Armenpress 22:53, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարում է Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ թվելով այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի ավարտին:

«Առաջին գլխավոր գործոնը դա խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ: Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտեց, որ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու այն սանձազերծած երկրի համար:

«Հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր իրենց կողմից, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ: Տնտեսության քայքայում, որը տասնամյակներ վերականգնել հնարավոր չի լինելու: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ և լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են: Հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդավոր դոլարները»,- նշեց նախագահը:

Հարությունյանը հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am