Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը

Armenpress 22:10, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը:

Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ վարչապետ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am