Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին

Armenpress 21:00, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:

Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am