Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին

Armenpress 20:54, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի լրագրող և հետազոտող Հուսին Ակուշը վկայություններ ունի, որ սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ակուշի «Թվիթեր»-ի միկրոբլոգից, որտեղ վերջինս փաստացի տվյալներ է ներկայացրել, որ Ադրբեջանում կռվում են նաև ազգությամբ սիրիացի վարձկաններ։

Նա գրառմանը կից լուսանկար է ներկայացրել և գրել, որ նկարում պատկերված անձը հատուկ մեկնել է Ադրբեջան կռվելու համար։

«Այս նկարում Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել էր Սուարելշամի (պրոթուրկական ծայրահեղական խմբավորում- խմբ.) անդամ, սակայն ամիսներ առաջ թողել էր խումբը և մեկ շաբաթ առաջ էլ գնացել Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։ Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից նույնպես սպանվել է»,- նշել է սիրիացի լրագրողը։

Վերջինս մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ Մուհամեդ Շալանը սպանվել է հարազատներից մեկի հետ խոսելու ժամանակ։

Սիրիացի լրագրողը հայտնել է, որ Մուհամեդը վերջին շրջանում ապրել էր Հալեպի հյուսիսում, որտեղից էլ մեկնել էր Ադրբեջան կռվելու։

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am