Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին

Armenpress 15:40, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից:

Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաև հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Հունաստանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ նաև տեղեկացրել է, որ Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարը իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ տեսակոնֆերանս կանցկացնի:

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը սեպտեմբերի 29-ին հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: Այս նախաձեռնությամբ ԵԱՀԿ Ալբանիայի նախագահությանը դիմել էր հենց Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Հունական այս նախաձեռնության նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն էր՝ վեճի խաղաղ կարգավորման շուրջ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am