ՊՆ-ն հրապարակել է թուրքական F-16-ի կողմից խոցված հայկական ինքնաթիռի լուսանկարները

Armenpress 13:30, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող  F-16 կործանիչի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոցված ինքնաթիռի մնացորդների լուսանկարները հրապարակվել են ՀՀ ՊՆ «Ֆեյսբուք»-ի էջում:

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը»,- ասված է լուսանկարներին կից կատարված գրառման մեջ:

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am