ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի հիման վրա

Armenpress 23:48, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։

Երկու բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան»«- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am