Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ռադիացիոն ֆոնի մասին համացանցում տարածվող ապատեղեկատվությունը

Armenpress 23:06, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց համացանցում տարածվող այն տեղեկությունը, թե ՀՀ տարածքում առկա է կամ լինելու է ռադիացիոն բարձր ֆոն և անհրաժեշտ է անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը խնդրեց նման ապատեղեկատվություն չտարածել:

«Այսօր համացանցում լայնորեն տարածվում էր վաղուց հնացած մի ձայնային և գրավոր հաղորդագրություն` կապված ռադիացիոն ֆոնի հետ, որը կոչ էր անում անջատել սարքավորումները: Նման բան չկա, խնդրում եմ նման ապատեղեկատվությունները չտարածել, դրանց ուղղակի լուրջ չվերաբերվել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Նորայր Շողիկյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am