ՌԴ-ում ՀՀ դեսպանը մեկնաբանել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետաձգումը

Armenpress 22:41, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը չի չեղարկվել, այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, նշելով, որ հետաձգումը կապված չէ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:

«Ոչ մի կերպ կապված չէ»,- նշել է դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հետաձգումը կապվա՞ծ է Լեռնային Ղրաբաղում առկա իրավիճակի հետ:

Դեսպանը նշել է, որ նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 14-18-ը և օդային հաղորդակցության բացակայության պատճառով է այն հետաձգվել:

«Հիմա նույնպես օրը հետաձգվել է, որովետև նախ կա Հայաստանում գտնվելու անհրաժեշտություն, և երկրորդ պատճառը Ռուսաստանի հետ օդային պարբերական հաղորդակցության բացակայությունն է: Բացառապես այս պատճառներով է հետաձգվել գործուղումը»,- պարզաբանել է Տողանյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 500 կորուստ: Հակառակորդը կորցրել է 63 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 97 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am