1000х90.jpg (78 KB)

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը

Armenpress 22:26, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: Մտահոգված լինելով զոհերի թվի աճով, նա կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Ճեպազրույցի ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ ինքը տեղեկատվություն է ստանում անմիջապես տեղից և տեղի զրուցակիցներից` ամենաբարձր մակարդակով: Դեսպան Կասպշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նշել, որ իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մոնիտորինգը, երբ իրավիճակը թույլ կտա:

Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը կրկին հայտարարել է բանակցային լուծման կարևորության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպշիկի աշխատանքներին աջակցության մասին` տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված իրենց ջանքերում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 500 կորուստ: Հակառակորդը կորցրել է 63 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 97 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

 

 

   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am