ԱՀ նախագահ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել են ազատամարտիկներին

Armenpress 20:59, 29 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է արտահերթ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայ ժողովրդի միասնական ու համախմբված ջանքերի շնորհիվ հնարավոր է լինելու հաղթահարել ցանկացած մարտահրավեր:

Տիգրան Ավինյանն իր հերթին դատապարտել է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած ագրեսիվ և հանցավոր վարքագիծն՝ ընդգծելով, որ հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է:

Նրանք միասին այցելել են Պաշտպանության բանակին աջակցության ձեռք մեկնած ազատամարտիկներին, զրուցել նրանց հետ, ինչպես նաև եղել են ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am