Ռուսաստանում ՀՀ դեսպանը և Արա Աբրահամյանը հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳՆ և ՆԳՆ փոխնախարարների հետ

Armenpress 20:04, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում են ունեցել ՌԴ Արտաքին գործերի և Ներքին գործերի փոխնախարարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳՆ-ում՝ ՌԴ ԱԳՆ և ՆԳՆ փոխնախարարների հետ»,- ասաց Նաղդալյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am