1000х90.jpg (78 KB)

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինը որդի է ունեցել. նրան անվանել են Մոնթե

Armenpress 22:51, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ծավալած գործողությունների պատճառով վիրավորում ստացած հղի կինը՝ Աննա Գալստյանը տղա է ունեցել, նրան Մոնթե են կոչել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկումը:

«Լավ է ձեր բալիկը, եթե կուզեք, կնկարենք, կուղարկենք ձեզ»,- հեռախոսից այն կողմ տատիկին ու Մոնթեի եղբայրներին դիմում է բժիշկն ու շնորհավորում նրանց։

Աննա Գալստյանը պատմում է, որ վիրավորվեց ճանապարհին ու ասում է, թե ուրախ է, որ տուժողն ինքն է եղել, ոչ թե նույն մեքենայում գտնվող երեխաները։

«Մեքենայում երեխաներ էլ կային, հանկարծ ինչ-որ բան պայթեց, մեքենան դուրս եկավ ճանապարհից։ Փառք Աստծո, միայն ինձ բան եղավ, երեխաներին ոչինչ չեղավ, ես դիմացն էի նստած: Մեքենայի թեքվելուց հետո ձեռքս մնաց մոշերի թփերի ու մեքենայի արանքում, ու այլևս ոչինչ չեմ հիշում»,-պատմում է կինը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա, 47 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ:

 

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am