Արցախի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց

Armenpress 19:25, 28 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում ապաքինվող, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է վիրավորման դեպքերի հանգամանքներին, հետաքրքրվել բուժվող անձանց առողջական վիճակից ու կարիքներից և վերահաստատել, որ կիրառվելու է Պաշտպանի լիազորությունների մեջ գտնվող ողջ գործիքակազմը պատերազմական գործողություններից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ: Պաշտպանը տեսակցել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հղի կնոջը և հավաստիացել, որ մայրիկի և փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորները պետք է գտնվեն պետության առանձնակի հոգածության ներքո:

Արտակ Բեգլարյանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների նպատակային թիրախավորումը՝ որակելով դրանք որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Պաշտպանը շեշտադրել է, որ դրանք Ադրբեջանում վարվող հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներն են, որոնց կանխարգելման և պատշաճ գնահատականներ տալու հարցերում պատասխանատվության իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am