Մենք Հայաստանում ինքնակամ ցանկանում ենք պաշտպանել մեր ընդհանուր սուրբ հողը. ԱԺ եզդի պատգամավոր

Armenpress 15:43, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքը կանգնած է հայ ժողովրդի կողքին, ի տարբերություն Ադրբեջանի, որ իր ազգային փոքրամասնությունների ստիպելով մղում է առաջնագիծ, Հայաստանի եզդիներն ինքնակամ ցանկանում են պաշտպանել ընդհանուր սուրբ հողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

«Իմ սիրելի հայեր, մենք՝ եզդիներս ու հայերս, երկու ազգ ենք, բայց մի ժողովուրդ: Եզդիական համայնքը մշտապես կանգնած է եղել և հիմա էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին: Այսօր էլ, ցավոք, վիրավորում են ստացել եզդի երկու զինվորներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության»,-ասաց Բաքոյանը:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում եզդիական ջոկատ են ձևավորել: Սակայն բազմաթիվ եզդիներ չեն սպասել ձևավորվող եզդիական ջոկատին և հիմա արդեն Արցախում են: «Եվ պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ, պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը՝ ինչպես դա արեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել: Եվ մենք՝ եզդիներս թույլ չենք, որ երբևէ այստեղ թշնամիներ հայտնվեն, մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ հիմա էլ սահմանին եզդի զինվորները կանգնած են, իրենց հայ զինվոր եղբայրների հետ կռվում են ընդհանուր թշնամու դեմ: «Մենք մեր Արցախում պետք է անվտանգության գոտին ընդլայնենք: Սրա մասին պետք է թշնամին իմանա՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ իր ազգային փոքրամասնությունների ստիպելով մղում է առաջնագիծ, և իրենց կորուստների 70 տոկոսը ազգային փոքրամասնություններն են, մենք Հայաստանում ինքնակամ ցանկանում ենք պաշտպանել մեր ընդհանուր սուրբ հողը, մեր հայրենիքը: Ամեն սանտիմետրը նաև մեզ՝ եզդիներիս համար սուրբ է ու թանկ»,-ասաց Բաքոյանը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am