1000х90.jpg (78 KB)

Եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար

Armenpress 15:38, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ զինվորագրվում են և մեկնում Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքի սահմանները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Արմավիրում քաղաքացիները կազմակերպված զինվորագրվում են Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Զինվորագրվում և Արցախ են մեկնում նաև բազմաթիվ եզդիներ։

«Մեր համայնքից դեռ երեկվանից բոլորը գնում են զինկոմիսարիատներ և կամավորագրվում: Եզդիները միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- նշեց Թամոյանը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Հայաստանի եզդիների միության նախագահն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է:

«Շփման գծում տեղի ունեցողն անմարդկային գործողություններ են, և ես խստորեն դատապարտում եմ: Ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, իսկ Թուրքիան էլ օժանդակում է»,- ասաց Թամոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Լիլիթ Դեմուրյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am