1000х90.jpg (78 KB)

Սերժ Թանկյանը Artsakh Song երգով ոգևորել է Արցախում մարտնչող զինվորներին

Armenpress 15:32, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Artsakh Song երգի  չթողարկված տարբերակը` այն նվիրելով հայ զինվորներին, որոնք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների հետևանքով կենաց-մահու կռիվ են մղում թշնամու դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգին կից Թանկյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է արել, որում ասվում է. «Այս ընթացքում, երբ Հայաստանն ու Արցախը պաշտպանվում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ, կոռումպացված ղեկավարության մասշտաբային ագրեսիայից, ես հիշեցի Artsakh Song երգի մասին, որը գրել և թողարկել եմ 2016 թվականին` Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիայից հետո»:

Սերժ Թանկյանն ընդգծել է, որ հրապարակում է երգի չթողարկված տարբերակը:  «Հազարամյակներ շարունակ մեր մշակույթը պահպանել է մեր ազգը, և մենք կտեսնենք այս վերջին պայքարը ևս: #artsakhstrong #stopazeriaggression #artsakhisarmenia #stopaliyev»,-եզրափակել է Թանկյանը:

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 28 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 միավոր զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից  նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am