Արտաքին ուժերի մասնակցությունը միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը․ ԱՄՆ Պետդեպ

Armenpress 02:05, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ ասված է․

«Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտյան գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են նշանակալի քանակով զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ցավակցում ենք զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է բռնության սրացումը։ Պետքարտուղարի տեղակալ Բիգանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներում  հորդորել  է կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել միմյանց միջև գոյություն ունեցող կապի միջոցները՝ հետագա սրացումից և անօգտակար հռետորաբանությունից  խուսափելու համար, որոնք ավելի են մեծացնում լարվածությունը։

Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը  բռնության էսկալացիային չափազանց անօգուտ կլինի և միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելուն»։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am