ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները

Armenpress 01:25, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ և դատապարտում է ուժի կիրառումը, ցավում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և կորուստների համար։

Գլխավոր քարտուղարը կողմերին վճռականորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ կառուցողական բանակցություններին: Նա խոսելու է ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է արել կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար:

Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am