Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ

Armenpress 01:12, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ»,- գրել է Նաղդալյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am