Մայիլյանն Արցախի միջազգային ճանաչումը համարում է Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլը

Armenpress 00:22, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը համարում է, որ այս պահին Արցախի միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մայիլյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան լավագույն զսպող քայլը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում էլ եղել են քննարկումներ, հարց է հնչել՝ ուղղված ՀՀ վարչապետին, վարչապետը չի բացառել, որ պետք է առնվազն քննարկվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը»,- ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից այս ագրեսիան սկսելու ապացույցներից է նաև այն, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված են եղել ԵԱՀԿ-ի կողմից շփման գծի դիտարկումները, որոնցից Ադրբեջանը հրաժարվել է, որպեսզի դիտորդները չարձանագրեն իրենց ուժերի կուտակումները:

Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:

Նորայր Շողիկյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am