Ադրբեջանական կողմը ունի ևս 1 ուղղաթիռի, 3 տանկի, 7 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահամեքենայի կորուստ

Armenpress 22:06, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում դեռևս շարունակվում են մարտական գործողությունները, որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանը։

«Ներկայումս շարունակվում են մարտական գործողությունները, որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ Հակառակորդն ունի նոր կորուստներ։ Ըստ ճշգրտված տվյալների՝ նրանց կորուստների թվին ավելացել է. ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ինժեներական զրահամեքենա և 7 ԱԹՍ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, 33 տանկ և ՀՄՄ, 27 ԱԹՍ և  2 ինժեներական զրահամեքենա»,- նշեց Սարումյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am