Շիրակի մարզի երկրապահները պատրաստ են հրամանի դեպքում Արցախ մեկնել

Armenpress 21:48, 27 Սեպտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 27  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի երկրապահները ամեն պահի պատրաստ են հրամանի դեպքում Արցախ մեկնել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը: «Հենց իմացանք լուրը, երկրապահները, ինչպես նաև երկրապահների մարզային խորհուրդը, շտաբներում սպասում ենք հրահանգին՝  մեկնել ու կանգնել Արցախի ժողովրդի կողքին»,-նշեց Յուրա Ալեքսանյանը:

Արցախ  մեկնելու ցանկություն հայտնում են ոչ միայն երկրապահներ, այլ մեծ  թվով երիտասարդներ, ովքեր նոր են վերադարձել ծառայությունից,   ինչպես նաև ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներ: «Շատ երիտասարդներ են կամավորագրվել, նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին զոհված հերոսների ծնողներ»,- ավելացրեց Յուրա Ալեքսանյանը:

ԵԿՄ Գյումրու բաժանմունքի նախագահ Իգիթ Զաքարյանը վստահեցրեց՝ թիվն ավելի մեծ է: «Շատերին ուղարկել ենք այս պահին տուն, անհրաժեշտությունը եթե լինի կկանչենք՝  բոլորս սպասում ենք Սասուն Միքայելյանի հրամանին: Փ՛առք ու պատիվ մեր ժողովրդին, մեր ժողովուրդն ինչպես միշտ ցույց է տալիս որ այս պահերին միասնական է: Մենք արցախցու կողքին ենք»,-ավելացրեց  Իգիթ Զաքարյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տղեկություններով՝ հառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավարումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am