Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության վերաբերյալ տեղեկությունների

Armenpress 21:42, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին առնչվող հստակ տեղեկություններ ունի՝ Թուրքիայի միջամտության մասով, ադրբեջանական զինված ուժերում թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով, գրոհայինների մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե սիրիացի գրոհայինների հետ կապված ի՞նչ տեղեկություններ կան:

Հովհաննիսյանի խոսքով՝ տվյալները ճշտվում են: «Բայց մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների՝ և գրոհայինների մասով, և Թուրքիայի միջամտության մասով, և ադրբեջանական զինված ուժերում թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով: Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սակայն բաներ կան, որ ճշգրտման կարիք ունեն: «Օրինակ՝ զինյալների մասը հստակ պնդել չեմ կարող, ժամանակի ընթացքում կտիրապետենք ավելի շատ փաստերի, ավելի վստահաբար, ապացույցներով կխոսենք»,- նկատեց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տղեկություններով՝ հառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավարումների կորուստ:  Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Աննա Գրիգորյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am