Նախնական տվյալներով՝ Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կա ավելի քան 30 վիրավոր

Armenpress 20:55, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունում նախնական տվյալներով ավելի քան 50 բնակավայր եղել է թիրախի տակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Երկու զոհ ունենք, վիրավորների մասով թվերը դեռևս ճշտվում են և հստակեցվում։ Այս պահի դրությամբ՝ նախնական տվյալներով  քաղաքացիական բնակչության շրջանում ունենք ավելի քան 30 վիրավոր։ Կարծում եմ թիվն ավելի է մեծանալու։ Մեր նախնական տվյալներով ավելի քան 50 բակավայր եղել է թիրախի տակ՝ ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների ժամանակ։ Այդ բնակավայրերի մեջ մտնում են՝ Ստեփանակերտը, Շուշին, Ասկերանը, Մարտունին, Մարտակերտը, Քարվաճառը, Բերձորը, Հադրութը։ Դրա հետևանքով մեր փաստահավաք առաքելությունը դեռևս ճշտում է բոլոր փաստերն ու տվյալները։ Առաջիկա օրերի ընթացքում պատկերն ավելի հստակ կլինի»,- նշեց Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ իրենք հանդես են գալու համապատասխան արտահերթ զեկույցով՝ ներկայացնելով բոլոր ապացույցները՝ հստակ անուններով ու վայրերով։

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ առնվազն այս պահի դրությամբ կա մի քանի հարյուր վնասված անշարժ գույք և ենթակառուցվածք՝ ներառյալ ճանապարհներ, էկելտրագծեր, գազի, ջրի խողովակներ, բնակարաններ, մեքենաներ և այլն։

«Այս ամենն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանը հասցեական թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը։ Այս բնակավայրերը ռազմական օբյեկտներից բավականին հեռու են գտնվում և հակառակորդը չի կարող ասել, որ իրենք թիրախավորել են հենց ռազմական օբյեկտները»,- ասաց Բեգլարյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am