Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

Armenpress 17:25, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հեիկո Մաասը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և գյուղերի ու քաղաքների գնդակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Շփման գծի ողջ երկայնքով զանգվածային բախումների վերսկսման մասին լուրն իսկապես մտահոգել է ինձ։ Արդեն տեղեկություններ են ստացվում երկու կողմերի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Ես կոչ եմ անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները»,- ասել է Մաասը:

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա երեք համանախագահները պատրաստ են աջակցել դրան։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ձեռնպահ մնան բռնարարքներից և անցնեն առարկայական բանակցությունների»,- նշել է նախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am