Ադրբեջանի հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից. Շվեդ պատգամավոր

Armenpress 16:23, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ և հայ ժողովրդի բարեկամ Բյորն Սյոդերը դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սյոդերը նշեց, որ այդ սարսափելի գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի շարունակական հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից: Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է կրում այս սարսափելի հարձակումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Շատ կարևոր է շարունակել խաղաղությանն ուղղված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասաց Սյոդերը:

Շվեդ պատգամավորը նշեց, որ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է կանխի Ադրբեջանի հարձակումները, դատապարտի դրանք, իսկ աշխարհը պետք է պահանջի, որպեսզի հետաքննության ենթարկվեն Ադրբեջանի գործողությունները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նորայր Շողիկյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am