1000х90.jpg (78 KB)

Հակառակորդի հրետակոծության պատճառով Արցախում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ

Armenpress 15:41, 27 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով երկրում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմաբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը։

«Ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Արցախի բոլոր ենթակառուցվածքներում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ և յուրաքանչյուր խափանում ստանում է արագ լուծում։ Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելիության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք»,- նշեց Թովմասյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am