Հայտնի են դարձել COVID-19-ից առավել տուժած զբոսաշրջային 10 ուղղությունները

Armenpress 17:32, 26 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները պարզել են այն երկրները, որոնց տնտեսությունը COVID-19-ի տարածման հետ կապված տուրիստական հոսքերի կրճատումների պատճառով ամենից շատն է տուժել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է Al Bawaba պորտալը:  Վարկանիշը կազմվել է պետության ՀՆԱ-ում տուրսեկտորի մասնաբաժնի հիման վրա:

Պարզվել է, որ տուրիստական ոլորտից ստացվող եկամուտներից ամենաշատը կախված են Մալդիվները: Այնտեղ տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնում է 38,9 տոկոսի:

Բրիտանական Վիրջինյան կղզիները գտնվում են Կարիբյան ծովում՝ Պուերտո Ռիկոյից 64 կմ դեպի արևելք։Կառավարությունն արգելել է տուրիստական այցելությունները կղզիներ մարտի 19-ին։ ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 33 տոկոս է։

ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի՝ Մակաոյի բյուջեի եկամուտների ավելի քան մեկ քառորդը գոյանում է զբոսաշրջությունից: ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը 28 տոկոս է։

Հոլանդական Արուբա կղզում, որը գտնվում է Կարիբյան ծովում պանդեմիայի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը 101 դեպք։ Այս տարածքը զբոսաշրջությունից ստանում է ՀՆԱ-ի 27,6 տոկոսը։

Վանուատու կղզի գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում. Կառավարությունը, փակել է սահմանները և արգելել չվերթները նույնիսկ կղզիների միջև մարտի 26-ին։ ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 18,1 տոկոս է։

Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կաբո-Վերդե կղզու զբոսաշրջության եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 17,7 տոկոսը: Կարիբյան Սենթ Լուչիա կղզում զբոսաշրջության բաժինը ՀՆԱ -ում 15,6 տոկոս է, Բելիզում՝ 15 տոկոս, իսկ Ֆիջիում և Մալթայում՝ 14-ական տոկոս:

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am