Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Armenpress 18:14, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել, նա չի ընտրվել»,- ասաց Շաթիրյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: Սեպտեմբերի 24-ին աշխատակարգային նիստի ընթացքում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Աշոտ Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել. արդյունքում ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Հրայր Թովմասյանը հայտնել է, որ չի մասնակցելու ՍԴ նախագահի ընտրության գործընթացին:

ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am