Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը  

Armenpress 15:14, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշեց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն  ունի մեր մշակութային իրականությունում:

Արտյոմ Նաղդյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` մագիստրոսի կոչմամբ: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ում: Նա մի շարք մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպմամբ է հանդես եկել, զբաղվել է պրոդյուսինգով և ֆիլմարտադրությամբ: «Հայ ֆեստ» թատերական և «Ջազ ֆեստ» երաժշտական միջազգային փառատոնների տեխնիկական տնօրենն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am