Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերում կառուցվում են ջրատարներ, լուսավորության ցանց

Armenpress 13:27, 25 Սեպտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի  մարզի Գեղամասար խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 12 բնակավայրերում կառուցվում կամ վերակառուցվում են խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, լուսավորության ցանց  է անցկացվում Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում,  խորքային հոր եւ ոռոգման ցանց է վերանորոգվում  Փոքր Մասրիկ եւ Տրետուք գյուղերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Գեղամասարի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 251 միլիոն 761 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 176 միլիոն 232 հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 75 միլիոն 528  հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Գեղամասար բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման կամ վերակառուցման ծրագրի  պայմանագրային  արժեքը կազմում է 44 միլիոն 896 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 29 միլիոն 182 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 15 միլիոն 713  հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Փոքր Մասրիկի խորքային հորի եւ Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման ծրագրի  պայմանագրային  արժեքը կազմում է 27 միլիոն 326 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ  19 միլիոն 128  հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն  197  հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը:

Սուբվենցիոն առաջին ծրագրով խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր  են կառուցվում   Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք բնակավայրերում: Կառուցվող ջրատարների ընդհանուր երկարությունը կազմում է 31 կիլոմետր 500 մետր: 5 աղբյուրակապ կառուցվում է Արեգունիում, մեկական՝ Կախակնում եւ Կութում:

Գեղամասարի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի 20-ին եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Սեպտեմբերի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Ջաղացաձորում, ավարտական փուլում են գտնվում Ավազանում: Մնացած տեղերում աշխատանքները շարունակվում են: Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում 9 կիլոմետր 100 մետր ընդհանուր երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները եւս մեկնարկել են օգոստոսի 20-ին: Ավարտին են մոտնում Փոքր Մասրիկի խորքային հորի վերականգնման շինարարական աշխատանքները, իսկ  Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Մեր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը տասնամյակներ շարունակ ապրել են անկանոն ջրամատակարարմամբ, առանց կենցաղային բավարար պայմանների, առանց լուսավորության: Համոզված ենք, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում սահմանամերձ մեր գյուղերում մարդիկ ավելի կամրանան հայրենի հողի վրա՝ անմիջապես զգալով կենսապայմանների էական փոփոխությունը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին՝ համայնքում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներին արմատական լուծում տալու համար»,- նշեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am