1000х90.jpg (78 KB)

Շաթիրյանը չի ցանկանում ենթադրություններ անել ՍԴ նախագահի սպասվող ընտրության արդյունքի վերաբերյալ

Armenpress 11:07, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային փակ նիստը, որում քննարկվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը ասաց, որ առնվազն նախագահի ընտրության հարցով սեպտեմբերի 25-ին կլինի վերջնարդյունք, իսկ ինչպիսին կլինի արդյունքը չի ուզում ենթադրություններ անել։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Խունդկարյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում, Շաթիրյանը պատասխանեց, որ իր վերաբերմունքը կարտահայտի փակ և գաղտնի քվեարկությամբ։

Լրագրողները նաև Շաթիրյանին խնդրեցին մեկնաբանել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքը քվեարկության հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու տպավորության մասին, Շաթիրյանը  ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Թովմասյանի կարծիքը, կարող է միայն իր մասով ասել, որ այդպիսի տպավորություն չունի։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am