Մնացականյանը մտահոգիչ է համարում, որ անուշադրության է մատնվում ցեղասպանությունների ժխտումը

Armenpress 09:51, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Գրասենյակի կայուն և արդյունավետ գործունեությունն այսօր շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 2015թ.-ին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Այս կերպ մենք միասնաբար ձևավորել ենք լրացուցիչ հարթակ՝ զարգացնելու և նպաստելու կանխարգելման օրակարգին ուղղված մեր հավաքական ջանքերին: Մենք հետևողականորեն ընդգծել ենք ինչպես ազգային, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը՝ վերհանելու և հասցեագրելու վաղ կանխարգելման ազդակները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Ընդգծել ենք նաև վաղ փուլերում ցեղասպանությունն ու այլ զանգվածային ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը: Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել՝ լինի դա Հայոց ցեղասպանությունը, Հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը կամ այլ ոճրագործություններ:

Ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղականության, պատերազմի քարոզչության, ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների դեմ խտրականության տարածումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա թիրախավորված հարձակումները շարունակում են ձևավորել աշխարհի տարբեր անկյուններում ներկայիս իրականությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և իր անդամ երկրները դեռևս լավ պատրաստված չեն այս ահազանգին ժամանակին և վճռական կերպով հակազդելու համար»,- ասել է Մնացականյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում հնչեցվող սպառնալիքները, այդ թվում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը՝ միահյուսված որոշ քաղաքական գործիչների կողմից զոհերի սերունդներին անցյալի «դասերը» հիշեցնելու մասին ագրեսիվ և վիրավորական բառապաշարով. Նախարարը սա չափազանց անհանգստացնող է համարում։ Նրա գնահատմամբ՝ ապագա հանցագործները քաղաքակիրթ աշխարհի նորմերի նկատմամբ նման բարբարոս խախտումների մասին լռությունը մեկնաբանում են որպես սպանության թողտվություն:

«Ոչ մի պարագայում ինքնիշխանությունը չի կարող արդարացում դառնալ մարդու իրավունքների ծանր և կոպիտ խախտումներ իրականացնելու համար նրանց հանդեպ, ովքեր խաղաղ իրացնում են իրենց մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ` պատասխանատվություն: Ինքնիշխանությունը պետք է լինի հենց պաշտպանելու պատասխանատվության արդյունավետ կիրարկման առաջնային և ամենագործնական մակարդակը: Պաշտպանության ազգային կարողությունները հզորացնելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը շարունակում է առավել քան երբևէ կարևոր լինել»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Նա հավելել է, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ժողովրդավարական հասարակության անքակտելի մասն է: «Կարևոր է իրականացնել մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները և սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հետ: Այս համատեքստում նույնքան կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը պաշտպանության, վաղ նախազգուշացման, վերապատրաստման և կրթության գործում: Այս առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Համաշխարհային կենտրոնի ունեցած կարևոր դերակատարությունը։ Նման առաջնահերթություններն ամրագրվել են Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևում, որը ներկայացվել է Հայաստանի կողմից և 2020թ. հունիսին միաձայն ընդունվել Մարդու իրավունքների խորհրդի կողմից»,- ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ 2015թ. ի վեր Հայաստանը պարբերաբար հյուրընկալել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ` համախմբելով ցեղասպանության կանխարգելման ոլորտում հայտնի գիտնականների և գործիչների ամբողջ աշխարհից: «Սա է մեր անսասան հանձնառությունն ու ներդրումը ցեղասպանության հանցագործության և այլ զանգվածային ոճրագործությունների դեմ համաշխարհային համայնք կառուցելու գործում»,- նշել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am