Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

Armenpress 19:28, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ  Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական մամուլի կողմից ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին:

Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի...»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Պողոսյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am