Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

Armenpress 18:43, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել Հայաստանին ու Արցախին վերաբերող ցանկացած հարց և աջակցել իր հնարավորությունների սահմաններում:

Նշելով, որ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ փոխգործակցության համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կպահպանվեն և կզարգանան միջխորհրդարանական համագործակցության ավանդույթները Հայաստանի Ազգային ժողովի հետ:

Խոսելով Արցախի առաջնահերթ խնդիրների մասին, զրուցակիցները զարգացման հեռանկարի տեսանկյունից հատկապես ընդգծել են դպրոցի, կրթության կարևոր դերը, շատ էական է համարվել նաև տեխնոլոգիաների զարգացումը: Անդրադառնալով ժողովրդագրության խնդրին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել հստակ ծրագրերի միջոցով աջակցել ու խրախուսել մարդկանց՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am