Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը

Armenpress 17:45, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր  Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին:

Խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, իսկ ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև՝ ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:

Ի դեպ, այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի:

Ստուգայցերը կրելու են ամենօրյա բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am