ԵՄ-ն ՀՀ-ին 30 մլն եվրո է տրամադրում COVID-19-ի հետևանքների մեղմման համար.բանակցվում է ևս 2 ծրագիր

Armenpress 12:30, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակին դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս համաձայնագրով 30 մլն եվրո տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:

Բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ առանց որևէ նախապայմանի՝ կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է  համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի  արդյունքների ապահովման արդյունքում:

«Սա բացառիկ ծրագիր է, ուղղված է աջակցելու COVID-19 համավարակին դիմակայելու նպատակով իրականացվող կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին։ Մասնավորապես, համաձայնագրով նախատեսված է մշակել ու իրականացնել COVID-19-ի հետևանքների չեզոքացման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր, որի աշխատանքներն արդեն մենք սկսել ենք։ Բայց սա վերաբերելու է 6 մլն դրամին, 24 մլն-ին չի վերաբերելու։ Եվ կարծում եմ՝ մոտ ժամանակահատվածում այս միջոցները կփոխանցվեն պետական բյուջե։ Ես ուզում եմ շեշտել, որ սա COVID-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկն է, մենք մեր Եվրամիության գործընկերների հետ հիմա քննարկում ենք ևս 2 ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները կներկայացնենք կառավարությանը»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Մհեր Գրիգորյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am