ՏՄՊՊՀ անդամը նախատեսվող փոփոխությունները շահեկան է համարում տնտեսվարողների և հանձնաժողովի համար

Armenpress 10:39, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում են փոփոխություններ.  փոփոխությունները մշակվել են այն տրամաբանությամբ, որ շահեկան լինեն թե տնտեսվարողների, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի հետ:

-Պարոն Մարկոսյան, ՏՄՊՊՀ-ն այս տարի հանդես եկավ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Ինչո՞վ էր պայմանավորված դրա անհրաժեշտությունը և որո՞նք են լինելու առանցքային փոփոխությունները տնտեսավարողների համար:

-2020 թվականին մեր առջև դրված կարևոր գերակայություններից էր տնտեսական մրցակցության պաշտպանությունը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործումը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը ընդունվել է 20 տարի առաջ և մինչ օրս ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների: Չնայած դրան՝ այն դեռևս  ունի զգալի բարեփոխման կարիք, ինչը մի կողմից պայմանավորված է իրավական բացերի առկայությամբ, մյուս կողմից` առկա կարգավորումների անկատարություններով, որոնց լուծումն ունի առանցքային նշանակություն ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության շարունակական կատարելագործումն ապահովելու առումով: Այդ նպատակով, ինչպես Դուք արդեն նշեցիք, մշակել և հանրային քննարկման ենք ներկայացրել Օրենքում ծավալուն փոփոխություններ նախատեսող նախագիծ, որում մի շարք կարևոր նորամուծություններ են կատարվել:  Փոփոխությունները մշակելիս  առաջնորդվել ենք ոչ թե հակամրցակցային գործունեության համար պատժելու, այլ այն բացառելու առաջնահերթությամբ:

Առաջարկվող նորամուծություններից մեկը վերաբերում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների կողմից ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցության դրսևորումներին և այն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտարկելուն: Պատասխանատվության միջոցների կիրառումն ինքնանպատակ չէ. «փակ աչքերով» վարչարարությունը միշտ չէ որ դրական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտների վարքագծի և ընդհանուր մրցակցային դաշտի վրա: Մեր ուղերձն է տնտեսվարող սուբյեկտներին՝ համագործակցության միջոցով՝ համատեղ փոխլրացնող քայլերով նպաստել երկրում ազատ, բարեխիղճ և արդար մրցակցության ամրապնդմանը:

 

- Ինչպիսի՞ն են գործող օրենսդրությամբ այդ դրույթի կարգավորումները ներկայում.

- Ընդհանրապես ցանկացած մարմնի, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի կողմից պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հիմնվի  կատարված իրավախախտման վտանգավորության աստիճանի ու բնույթի, խախտում կատարող սուբյեկտին բնութագրող հատկանիշների, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների համապարփակ վերլուծության և գնահատման վրա։ Ասվածը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։

Այս տեսանկյունից Օրենքը սահմանում է, որ պատասխանատվության միջոց կիրառելիս ՏՄՊՊՀ-ն պետք է հաշվի առնի տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից Օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցելու հանգամանքը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:

Ակնհայտ է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցելու հանգամանքը վկայում է նրա նկատմամբ պատասխանատվության առավել մեղմ միջոց կիրառելու անհրաժեշտության մասին։ Այդ առումով այս հանգամանքը դասվում է պատասխանատվությունը մեղմացնող, իսկ հակամրցակցային համաձայնությունների դեպքում նաև պատասխանատվությունից ազատող հանգամանքների շարքը։

Թեև օրենքը չի մանրամասնել նման համագործակցության դրսևորումները, այնուամենայնիվ նման օրինակ կարող է դիտարկվել տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստի ընդունումը և իր կատարած իրավախախտման հանգամանքների բացահայտմանը նպաստելը, իրավախախտումը դադարեցնելը և հետևանքները վերացնելը, իրավախախտումը մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից  կատարված լինելու դեպքում այլ սուբյեկտների կողմից կատարված իրավախախտման հանգամանքների բացահայտմանը նպաստելը։

 

- Տնտեսվարողներին կոնկրետ ի՞նչ նորամուծություններ են սպասվում փոփոխություններից հետո:

- Իհարկե ՏՄՊՊՀ-ի հետ վարչական վարույթի ընթացքում համագործակցության վերաբերյալ վերը հիշատակված կարգավորումները իրենց գոյությունը պահպանել են նաև նախատեսվող օրենսդրական փոփոխությունների շրջանակում։ Այս ամենով հանդերձ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված նախագծով նախատեսվել է նաև արագացված վարույթի ընթացակարգ։ Այսպես, նախագծի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողի կողմից վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու դեպքում վարույթով պատասխանողը կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

Արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանձնաժողովը վարույթի արդյունքում որոշումը կայացնում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու:

Հարկ է նաև նկատել, որ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտներին տալ նախազգուշացում միայն արագացված վարույթի կիրառման դեպքում։ Ավելին, նախագծով ամրագրվել է, որ արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

Երկրորդ նորամուծությունը վերաբերում է Հանձնաժողովի որոշման կատարմանը, երբ պատասխանատվության ենթարկված տնտեսվարող սուբյեկտը իրավախախտում կատարելու փաստը ընդունում է իր նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուց հետո՝ մինչև դրա անբողոքարկելի դառնալը՝ ըստ էության անվերապահորեն համաձայնելով իրեն վերապահված խախտմանը և դրա համար կիրառված պատասխանատվության միջոցի համաչափությանը։ Մասնավորապես, սահմանվել է, որ Հանձնաժողովի տուգանք նշանակելու որոշումը մինչև որոշման անբողոքարկելի դառնալը կատարվելու դեպքում համարվում է պատշաճ կատարված, եթե անգամ վճարվել  է տուգանքի 75 տոկոսը:

 

- Իսկ ինչպիսի՞ն է այդ առումով իրավիճակն այս պահին։ Տնտեսվարողները տրամադրված են համագործակցել հանձնաժողովի հետ վարույթների շրջանակում, և ի՞նչ եք ակնկալում օրենսդրական փոփոխություններից հետո։

- Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ հենց վարույթի սկզբում կամ մինչև դրա ավարտը տնտեսվարող սուբյեկտները դրսևորում են նման վարքագիծ՝ կամովին դադարեցնելով թույլ տրված խախտումը և նպաստելով մրցակցային միջավայրի առողջացմանը։ Եվ, բնականաբար, նման դեպքերում ՏՄՊՊՀ-ն այդ հանգամանքին տալիս է համարժեք գնահատական և որպես հետևանք ընտրում է պատասխանատավության ավելի մեղմ միջոց։

Հաշվի առնելով այս միտումը՝ լիահույս եմ, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն ՏՄՊՊՀ գործառույթների առավել արդյունավետ իրացմանը՝ բոլոր առումներով շահեկան լինելով թե տնտեսվարող սուբյեկտների, թե ՏՄՊՊՀ-ի համար։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am