1000х90.jpg (78 KB)

Դեսպան Եդիգարյանը հավատարմագրերն է հանձել Բուլղարիայի Հանրապետության նախագահին

Armenpress 20:05, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանը հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման գործում: 

Նախագահ Ռադևը մեծ դրվատանքով ներկայացրել է հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով հայ համայնքի դրական ներգրավվածությունն ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Եդիգարյանը, իր հերթին, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-բուլղարական ջերմ հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Նա բուլղարական կողմին է ներկայացրել նաև թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am