1000х90.jpg (78 KB)

Ձորագյուղում հիմնանորոգվել է երկու փողոց, ընթացքում է մշակույթի տան հիմնանորոգումը  

Armenpress 14:49, 23 Սեպտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է ներհամայնքային երկու փողոցների հիմնանորոգումը, ընթացքում  են մշակույթի տան հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցների հիմնանորոգման  պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ 3 միլիոն դրամի չափով իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի կեսերին:  

Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն  դրամ, որի 45 տոկոսը  հատկացրել  է Կառավարությունը, 55 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ձորագյուղում իրականացված աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետն այցի ավարտին իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների ընթացքից:

«Սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն տեղադրված են նոր դռներն ու լուսամուտները, կատարված են ներսի հիմնանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սրանով կավարտվի  նաեւ  մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որը փուլերով ընթացել էր նախորդ տարիների ընթացքում: Հիմնանորոգված ճանապարհներից մեկը տանում է դեպի հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվող Սուրբ Կարապետ կամ Մասրուց Անապատ եկեղեցի: Ակնկալում ենք, որ ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք զբոսաշրջության աշխուժացում»,- նշեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am