«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է նոր «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը

Armenpress 12:52, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, սեպտեմբերի 22-ին հանդիսավոր կերպով բացվել է «Երջանկության ճանապարհ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնը, որն իրականություն է դարձել Հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Արևիկ և Արամայիս Մաթևոսյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Հիմնադրամի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

«Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաաքապետ Դիանա Գասպարյանը, ներկայացուցիչներ «Հայաստան» համահայակական հինադրամից, Երևանի քաղաքապետրանից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մինչ ուսումնական տարվա մեկնարկը շենքում և հարակից տարածքում իրականացված բարեփոխումները նոր շունչ են պարգևել կենտրոնին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով շահառուների առօրյան հաճելի միջավայրում կազմակերպելու համար: Ցերեկային կենտրոնի շահառուներին տրամադրվելու է օրական երեքանգամյա սնունդ, ինչպես նաև ապահովվելու է տնից-կենտրոն և կենտրոնից տուն տեղափոխումը հարմարեցված տրանսպորտային միջոցով։

Ծրագրի նպատակն է իրականացնել ցերեկային կենտրոնի անխափան գործունեությունը՝ բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմի ներգրավմամբ, ապահովելով 20-25 շահառուների ցերեկային խնամքն ու առօրյա զբաղվածությունը, ներառյալ ֆիզիկական, ստեղծագործական և մտավոր ներուժի զարգացում, սոցիալական ինտեգրում։

Այսպիսով, մտավոր խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։:

*** ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am