Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. ԱՀ նախագահի շրջայցը

Armenpress 20:08, 22 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով եղել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց Քարվաճառ տանող 17 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Քարվաճառ քաղաքի ու Շահումյանի շրջանի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակության խնդիր է, և առաջիկա տարիներին շարունակելու են նոր ներդրումներ ուղղել տարածաշրջանի ամբողջ պոտենցիալն իրացնելու համար:

Արայիկ Հարությունյանի այցելության հաջորդ վայրը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր բնակավայրն էր, որտեղ շահագործման է հանձնվել համայնքը մայրուղուն կապող 3,2 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը: Նախագահի խոսքով՝ մայրուղիներին հարող բոլոր համայնքների ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը հիմնականում ներառված են կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագրում: 

Այցի ընթացքում նախագահը եղել է նաև «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, հորդորել ավելի սրտացավ վերաբերմունք դրսևորել Արցախ այցելողների նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am